Մոսկվա երկու այցերից հետո՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման թեման վերադարձավ: Իրավիճակն առավել ակնհայտ է դառնում, երբ Թուրքիայի նախագահը Մոսկվայում բարձրաձայնեց Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան միության ստեղծումը, Վլադիմիր Պուտինը առաջարկեց նախ նորմալացնել Անկարա-Երևան հարաբերությունները: Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան միություն արդեն եղել է 1920-ականներին և հայկական կողմում առաջացնում է պատմական բացասական զուգորդումներ: Անցած տարի Թուրքիան Բաքվում թուրքական խորհրդի անդամների էկոնոմիկայի նախարարների VI նիստում բոլոր թուրքալեզու երկրներին առաջարկեց անցնել ազատ առևտրի ընթացակարգի, իսկ թուրք փորձագետները քննարկում էին Թուրքիա-Ռուսաստան-Ղազախստան առանցքի ստեղծումը, ոչ թե Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան:
Ամեն ինչ փոխվել է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայկական Regional Post-Caucasus ամսագրին տված հարցազրույցում, պատասխանելով որոշ հայկական քաղաքագետների դատողություններին՝ Հայաստանի դեմ ուղղված, ինչ-որ գաղտնի «ռուս-թուրքական պայմանավորվածության մասին»՝ երկու կարևոր դիրքորոշումներ նշեց: Առաջինը՝ Լավրովի խոսքով՝ «ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը սպառնալիք չէ հարևան երկրներին, այլ նպաստում է Անդրկովկասում անվտանգությանն ու կայունությանը»: Երկրորդը՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի ու Անկարայի բանակցություններին: «Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի մոտ, Ռուսաստանը պատրաստ է նրանց ամենաակտիվ աջակցությունը ցույց տալ,-ընդգծեց Լավրովը:- Հասկանալի է՝ մենք միայն կողջունենք, որ ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Դա անկասկած օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին»:
Մենք բախվում ենք Լավրովի հետաքրքիր եզրահանգմանը, երբ թուրք-հայկական սահմանը բնորոշվում է իբրև ԵԱՏՄ-ի արտաքին սահման: Բաքվի որոշ քաղաքագետներ պնդելով, որ «Մոսկվան որոգայթ է լարում Ադրբեջանի համար», լրացնում են իրադարձությունների ենթադրելի ընթացքը՝ արդեն 16 տարի չգործող Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթուղագծի բացումը, որ պահանջում է եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան: Բայց ոչ Բաքվի ու Անկարայի հետ, թեպետ Ադրբեջանում որոշ քաղաքագետներ կարծում են, որ «Թբիլիսին պետք է ստանա Ադրբեջանի ու Թուրքիայի համաձայնությունը՝ նրանց հետ գործակցային ու դաշնային հարաբերություններ ունենալով»: Հնարավոր է, բաց պարտադիր չէ: Կոնֆիգուրացիան կարող է ստացվել ԵԱՏՄ-ի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի հյուսիսային երկրների փոխգործակցության մակարդակում՝ հիմք դառնալով առևտրի միասնական եվրասիական գոտու ձևավորմանը, որտեղ մի շարք պետություններ կառուցում են սկզբունքորեն նոր հարաբերություններ: Ադրբեջանը ուղիղ ելքեր չունի Թուրքիա, իսկ Թուրքիա-Ադրբեջան-ԵԱՏՄ կամուրջը կարող է կանգնել միայն առևտրատնտեսական շրջանակային ինչ-որ համաձայնագրի հենասյուների վրա:
Առավել ևս՝ Թուրքիան տեսանելի ապագայում ԵՄ անդամակցության շանսեր չունի: Փետրվարի վերջին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը հայտարարեց, որ հեռանկարում հնարավոր է ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրում Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ «դա միայն ժամանակի և որոշ ձևականությունների պահպանման հարց է» և «տնտեսական կամ քաղաքական ոչ մի բարդություն չկա»: Թուրքիայի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը հնարավոր է միայն Հայաստանով՝ միակ պետությունը Անդրկովկասում, որ ԵԱՏՄ անդամ է, Թուրքիան կարող է միության հետ ռեալ շփվել միայն Հայաստանի տարածքով: Այսինքն՝ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացումը առավել արդիական է դառնում: Լավրովի հաջորդ դրույթը՝ «Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի մոտ, Ռուսաստանը պատրաստ է նրանց ամենաակտիվ աջակցությունը ցույց տալ», ենթադրում է սկսված կամ նախապատրաստվող բանակցային փուլ Անկարայի ու Երևանի միջև: Կարելի է հիշել՝ ինչպես էին ստորագրման նախապատրաստվում Ցյուրիխյան արձանագրությունները 2009-ի հոկտեմբերին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որ նախատեսում էին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և սահմանների բացում: Խոսքը Անկարայի ու Երևանի միջև սահմանների բացման մասին էր, և Բաքվի Yaggin. Az պորտալը գրում էր. «Եղբայրական Թուրքիան առանց Բաքվին տեղեկացնելու Հայաստանի հետ բանակցություններ է սկսել սահմանների բացման մասին: Բաքուն բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը տեղի ունեցող գործընթացների շուրջ, բայց ի պատասխան ռազմավարական դաշնակցից լսել է միայն հավաստիացումներ, որ Հայաստանի հետ բանակցություններում Ղարաբաղի հարցը առաջնային է: Միևնույն ժամանակ՝ Երևանում ամեն կերպ հերքում են ղարաբաղյան ենթատեքստը Թուրքիայի հետ բանակցություններում: Վաշինգտոնում միայն ուսերն էին թոթվում ու հաստատում էին, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանի բացումը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ բանակցությունների առաջընթացին: Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթներից մեկում կհայտարարի, որ Բաքուն Ցյուրիխյան արձանագրությունների բովանդակության մասին տեղեկացել է հուսալի աղբյուրներին ու որոշարկել իր հետագա քայլերը այդ տեղեկատվության հիման վրա»:
Գուցե կանխելու համար իր համար իրադարձությունների բացասական ընթացքը Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը Լավրովի հայտարարություններից հետո որոշեց հիշել, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջան իր վերջին այցի ժամանակ Միլի մեջլիսում ելույթում հայտարարեց Անկարայի վճռական տեսակետը հայ-թուրքական սահմանի բացման հարցում»: Որ՝ «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Հայաստանի կողմից ադրբեջանական հողերը օկուպացնելուց հետո և սահմանը կարող է բացվել միայն ապաօկուպացումից հետո»: Պարոն Հաջիևը, իհարկե, գիտի, որ Անկարան ու Երևանը, իբրև համաշխարհային քաղաքականության սուբյեկտներ, իրավունք ունեն ինքնուրույն լուծել երկկողմ հարաբերությունների հարցերը: Բացի այդ՝ արդեն հիշատակված Ցյուրիխյան արձանագրությունները որևէ կապ չունեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցերի հետ: Թուրքական Todays Zaman-ը գրում էր, որ դեռ ԱԳ նախարար լինելով՝ Ահմեդ Դավութօղլուն ասում էր. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ Լեռնային Ղարաբաղի պատճառով»: Մեծ քաղաքականության մեջ սուբյեկտների շահերը հաճախ են փոփոխվում, որ փոխվի քաղաքական գործունեության ալգորիթմն ու մատրիցան, ընդլայնվի գործողությունների տարածքը: Երկար մնալ Ադրբեջանի «պատանդը» իր գլոբալ ու տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի համար պարզապես ձեռնտու չէ: Բացառված չէ, որ շուտով Թուրքիայի ու Հայաստանի փոխհարաբերություններում կարող է ի հայտ գալ Ցյուրիխ-2-ի ֆենոմենը: Բաքվի համար պրոբլեմ է, որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումից հետո Անկարան հազիվ թե աջակցի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուժային տարբերակի ընտրության դեպքում: Թեպետ նախկինում խոստացել է օգնել: Որոշակի քայլեր կարող են լինել ապրիլի 16-ից հետո, երբ Թուրքիայում տեղի կունենա կառավարման համակարգի փոփոխության հանրաքվեն և բոլորը կսկեն խոսել վերականգնման անհրաժեշտության մասին՝ նախ և առաջ՝ երկու երկրների տնտեսական կապերի: Քիչ է մնացել սպասելու:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Միանշանակ՝ հայ-թուրքական սահմանի բացումը կարևորագույն իրադարձություն է, որ չի կարող լինել առանց պատճառի: Ինչո՞ւ Թուրքիան 2009-ի հոկտեմբերից մոռացել էր Ցյուրիխյան արձանագրությունները և նոր հիշեց:
Ո՞ր Թուրքիան հիշեց: Ռեջեփ Թայիբ Էրդողանի, որ հասցրել է հարաբերությունները փչացնել ոչ միայն ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, այլև իր մերձավոր շրջապատի հետ: Թուրքիան ինքն է հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ, որից ելք է որոնում Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումով: Այն Ռուսաստանի, որի հետ պատրաստ էր նույնիսկ պատերազմել ռուսական կործանիչի պատճառով: Այն Ռուսաստանի, որի դեսպանին սպանեց ցուցահանդեսի բացման ժամանակ: Այն Թուրքիան, որ նահանգական մակարդակով չի ճանաչում Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը, թեև չունի նման իրավասություններ: Թուրքիային սեփական ճգնաժամից ելք է պետք՝ քաղաքական, տնտեսական, ռազմական: Այս Թուրքիայի «հիշողությանը» ապավինելը, մեղմ ասած, անլուրջ է՝ այսօր կբացի, վաղը կփակի: Այսօր կհամաձայնի, վաղը նախապայմաններ կդնի, երբ Բաքուն քաղաքական հարաբերություններին խառնի նաև տնտեսականը:
Ի՞նչ է ասում Ռուսաստանը ի դեմս Լավրովի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա միությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Եթե նույնիսկ այդպես է այս պահին, միությունը ստեղծվում է ինչ-որ խնդիր լուծելու համար: Ի՞նչ խնդիր: Ինչպե՞ս են այդ խնդիրներն անդրադառնալու տարածաշրջանի վրա: Ի՞նչ երաշխիք, որ չեն ուղղվելու Հայաստանի ու Իրանի դեմ: Ինչո՞ւ չի քննարկվում Ռուսաստան-Իրան-Հայաստան միությունը: Թեկուզ ԵԱՏՄ շրջագծում: Հայաստանը համաձա՞յն է, որ իր սահմանը Թուրքիայի հետ դիտարկվում է ԵԱՏՄ սահման: Ինչո՞ւ Թուրքիան կարող էր փակ պահել ԱՊՀ-ի հետ սահմանը, բայց պատրաստ է բացել ԵԱՏՄ-ի հետ սահմանը: Հանուն ազատ առևտրի գոտո՞ւ: Իսկ ի՞նչ է հաջորդելու ազատ առևտրի գոտու ստեղծմանը: ԵԱՏՄ-ին անդամակցությո՞ւն: Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի: Ոնց էլ պտտվես՝ հասնում ես Լեռնային Ղարաբաղի խնդրին ու ամեն ինչ տեղն է ընկնում: Կա նույն Լավրովի պլանը՝ հանձնել տարածքներ, տեղակայել խաղաղապահներ, կարգավիճակի հարցը կպարզվի հընթացս կամ հետո: Գործնականում զուգահեռ գործընթացներ՝ Ղարաբաղի հարցի լուծում ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում: Նկատի ունեցեք՝ 2018-ից առաջ, երբ Ռուսաստանում նախագահական ընտրություններ են, երբ կատարվեց միջազգային փորձագետների կանխատեսումը՝ Ռուսաստանը խրվեց Սիրիայի «ճահճում» և առաջիկայում հարցի լուծումը անորոշ է, իսկ Ղարաբաղի հարցը լուծելը հետխորհրդային տարածքում շատ ավելի մեծ ընկալում կունենա, քան՝ Դամասկոսի աշխարհաքաղաքական խնդիրը:
Կրկնում եմ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը և հայ-թուրքական սահմանի բացումը կարևորագույն խնդիրներ են ոչ միայն Հայաստանի, տարածաշրջանի կտրվածքով, բայց նման իրադարձությունները չեն ունենում իրավիճակային լուծումներ, նախադրյալներ ու երաշխիքներ են պետք, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն է բացվում, ոչ թե ԵԱՏՄ-ի, որ ընդամենը տնտեսական դաշինք է, ոչ պետական միավոր: ԵԱՏՄ-ն չեղավ, սահմանը փակվելո՞ւ է, թե՞ ԵԱՏՄ-ին Հայաստանին կապելու նոր ձև է: Հավելեք նաև 16 տարի չգործող Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթուղագծի վերագործարկումը, այսինքն՝ նաև երկաթուղային կապի վերականգնումը: Այս ամենը չի կարող երրորդ պետություններին չվերաբերել ու չի կարող գին չունենալ: Ի՞նչ գին է Հայաստանը վճարելու, եթե ոչ Ադրբեջանին, Ռուսաստանին: Կարևորը գինն է, որ կարող է ընդունելի չլինել, կարող է սակարկելի լինել, կարող է շահեկան դառնալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ